Քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության մեկ աշխատակից, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Երևանի քաղաքապետարանից այս տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանել։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մտադիր է աստիճանաբար փոխհատուցել տոմսի արժեքը սեփական միջոցներից:
Սկանդալը բորբոքվեց այն բանից հետո, երբ մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հեռուստաբանավեճում Ավինյանին մեղադրեց ԱՄՆ գործուղման համար չափազանց մեծ ծախսերի մեջ: Մարությանի խոսքով՝ քաղաքապետի տոմսն արժեցել է 7,6 մլն դրամ (20 հազար դոլար), ինչը զգալիորեն գերազանցում է բիզնես դասի տոմսերի միջին արժեքը՝ մոտ 4 հազար դոլար: Եթերում Մարությանը ցույց էր տվել փաստաթղթերը՝ նշելով, որ ծախսված գումարը համադրելի է Ավան վարչական շրջանում գտնվող 43 բնակելի շենքերի ընդհանուր գույքահարկի հետ:
Մեղադրանքները հասարակական լայն արձագանք ունեցան։ Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ խոստանալով տոմսի արժեքը փոխհատուցել սեփական միջոցներից: Սակայն այս քայլը քաղաքապետարանին չազատեց նման ծախսերի թափանցիկության և արդարացվածության մասին հարցերից։