ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն ՊՆ բարձրաստիճան սպայի և ռազմական բլոգերի դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողություններ է կանխել։ Այս մասին հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։
ԱԴԾ-ի տեղեկությունների համաձայն` ահաբեկչությունների կազմակերպման համար ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, որը գործել է Ուկրաինայի ռազմական հետախուզության հրահանգով:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողությունները, որոնք ուկրաինական հատուկ ծառայությունները ծրագրում էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկի և հատուկ ռազմական գործողության իրադարձությունները լուսաբանող ռազմական բլոգերի նկատմամբ»,-հայտնել են հանրային կապերի կենտրոնում։
Ծառայության տվյալներով` ձերբակալվածը Telegram մեսենջերի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության Անդրեյ անունով աշխատակցի հետ։ Կատարելով վերջինիս ցուցումները` չարագործը Մոսկվայի մարզում գտնվող թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարք է հանել։
Մոտ մեկուկես կիլոգրամ տրոտիլային համարժեքով ռումբը քողարկված է եղել որպես շարժական բարձրախոս և համալրված է եղել մագնիսական ամրակներով, ինչպես նաև խոցող տարրերով` մետաղական գնդիկների տեսքով։
Բացի այդ, կասկածյալը ենթադրյալ զոհերի բնակության վայրերի հետախուզում է իրականացրել` հետագա հեռահար պայթեցման համար։
Ներկայումս ձերբակալվածը համագործակցում է հետաքննության հետ։ Շարունակվում են նրա հակաիրավական գործունեության փաստագրմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։