Ողջունում եմ Պուտինի արձագանքը. Սլովակիայի վարչապետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ն դեմ չէ, որ Սլովակիան Ուկրաինայի հարցով բանակցային հարթակ դառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դրական արձագանքը Սլովակիայում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին Պուտինը լրագրողներին ասել էր, որ Ֆիցոն իրենց հանդիպման ընթացքում խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին: ՌԴ նախագահը հավելել էր, որ ՌԴ-ն դեմ չէ, որ Սլովակիան Ուկրաինայի հարցով բանակցային հարթակ դառնա։
«Ես խոսել եմ այդ թեմայով (Սլովակիայում Ուկրաինայի հարցով բանակցությունները ընդունելու պատրաստակամության մասին` խմբ.) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուստի ողջունում եմ նրա դրական արձագանքը։ Ես Սլովակիայի ինքնիշխան արտաքին քաղաքականություն եմ վարում և վարելու»,-ասել է Ֆիցոն սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։
Միաժամանակ, Սլովակիայի կառավարության ղեկավարը նշել է, որ կատարելու է այն պարտավորությունները, որոնք հանրապետությունն ունի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին իր անդամակցության շրջանակներում: