Ոչ թե ԵԱԶԲ–ն է հրաժարվել, այլ մենք ենք հետ քաշել ֆինանսավորման հայտը. Ալոյան

Հայկ Ալոյանը. Արխիվային լուսանկար
Հայկ Ալոյանի խոսքով` ֆինանսական այն ժամկետները, որոնք ներկայացրել էր բանկը, «Լիդիան Արմենիայի» համար այն չէր, ինչ նախատեսվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ոչ թե ԵԱԶԲ–ն է հրաժարվել, այլ «Լիդիան Արմենիան» է հետ քաշել ֆինանսավորման հայտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։
«ԵԱԶԲ–ի հետ կապված մենք ենք հետ քաշել ֆինանսավորման հայտը, ոչ թե բանկն է մերժել մեզ, քանի որ ֆինանսավորման ժամանակացույցը և ֆինանսավորման պայմանները այն չէին, ինչ մենք ակնկալում էինք»,– ասաց նա։
Նրա խոսքով` ընկերությունը ժամկետների մեջ չէր կարողանում տեղավորվել։
Ինչ վերաբերում է բանկի կողմից Ամուլսարում անցկացված ուսումնասիրություններին, ապա Ալոյանն ասաց, որ ԵԱԶԲ–ն մի քանի ճյուղով է ուսումնասիրություն իրականացրել` իրավաբանական, տնտեսական, բնապահպանական, սակայն այս ամենն ավարտին չհասցվեց, քանի որ ֆինանսավորման ժամանակացույցը շատ երկար էր, այդ պատճառով գործընթացը կասեցվեց։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից: