Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքը փոխվել է

Միաժամանակ ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ)»,–գրել է Մելիքյանը:
Նա նշել է, որ միաժամանակ ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Փաստաբանը նշել է, որ չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը, և շուտով գործը կուղարկվի դատարան։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվեց, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք կիրառվեց։
Վերաքննիչ դատարանը հուլիսի 16-ին բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը և նա հայտնվեց ազատության մեջ։ Հուլիսի 19–ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը և Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն. նրան արգելվեց երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը լքել իր բնակարանը, որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ (խոսքը 1700–ից ավելի մարդկանց մասին է)։ Արգելվել է նաև զվարճանքի և սպասարկման օբյեկտներ հաճախել: