ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածների շուրջ Աստանայի և Բաքվի հետ բանակցելու լուրը

Ավիաաղետի վայրը
Մոսկվան չարամիտ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, որ Ղազախստանի և Ադրբեջանի հետ մշակվում է ինքնաթիռի կործանման ընդհանուր վարկած:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ որևէ բանակցություն չի վարում Ակտաուում ինքնաթիռի կործանման վարկածներ մշակելու շուրջ, դա քաղաքական պատվերով ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացվում է մասնագիտացված գերատեսչությունների կողմից։ Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում կա քաղաքական պատվեր։ Մարդկային ողբերգությունների վրա PR անելու փորձերը համարում ենք անարժան և անընդունելի»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` «Azerbaijan Airlines» ավիաընկերության Բաքու–Գրոզնի չվերթի ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում: Ըստ Ռոսավիացիայի՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, և օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի օդանավակայանում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կործանման հետևանքով ողջ են մնացել 29–ը։ ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ ողջ է մնացել ՌԴ 9 քաղաքացի։ Ըստ ցուցակների` ինքնաթիռում եղել է 16 ռուսաստանցի։
«AZAL» ավիաընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ օդանավը կործանվել է ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով: Մինչ այդ Ռոսավիացիան հաստատել էր, որ Գրոզնիում ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով շատ բարդ իրավիճակ է եղել:
«2 գմփոց լսեցինք». կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել