ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է 20 միլիոն եվրոյով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Transfermarkt պորտալին։
Պորտալի փորձագետները թարմացրել են իսպանական Լա Լիգայի ֆուտբոլիստների արժեքը, և ֆրանսիացու ցուցանիշները 180 միլիոն եվրոյից հասել են 160 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ 20-ական միլիոն եվրո են կորցրել Մբապեի թիմակիցները` Օրելյեն Չուամենին (80 միլիոն եվրո), Էդուարդու Կամավինգան (80 միլիոն եվրո), Էդեր Միլիտաոն (40 միլիոն եվրո) և Էնդրիկը (40 միլիոն եվրո):
Ամենաշատը (30-ական միլիոն եվրո) ավելացրել են «Բարսելոնայի» խաղացողներ Լամին Յամալի (180 միլիոն եվրո) և Պաու Կուբարսիի (70 միլիոն եվրո) տրանսֆերային արժեքները։
Տրանսֆերային արժեքով առաջին տեղը զբաղեցնում է «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը (200 միլիոն եվրո), երկրորդը` նրա ակումբակից Ջուդ Բելինգհեմը (180 միլիոն եվրո), հաջորդ հորիզոնականներում գտնվում են Յամալը և Մբապեն։
Իսկ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պահպանել է նախորդ տրանսֆերային արժեքը, որը կազմում է 18 միլիոն եվրո: