ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունում ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։
Գործադիրի կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա»-ի ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը կառավարությունում հաստատվել էր դեռ տարեսկզբին՝ հունվարի 18-ին։
Ավելի վաղ՝ 2023 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։
Նշենք, որ բացի սա, ևս երկու խոշոր մասնավոր ընկերություններ ՀՀ կառավարությանը փոխանցել են բաժնետոմսերի փաթեթներ: 2021 թվականի սեպտեմբերին «Գեոպրոմայնինգ» կորպորացիան (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերը) կառավարությանը նվիրեց կոմբինատի բաժնետոմսերի 15% - ը (հետագայում պետության մասնաբաժինը հասավ 21,8% - ի, նախկին սեփականատերերը վիճարկում են կոմբինատի վաճառքի գործարքը)։ 2024 թվականի սկզբին էլ Media Group Limited ընկերությունը («Վիվա-ՄՏՍ Տելեկոմ» օպերատորի նոր սեփականատեր) հայտարարել էր ընկերության բաժնետոմսերի 20%-ը պետությանը անհատույց հանձնելու մասին։