ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և «Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր են կնքել։ Տեղեկությունը ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրել են ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:
«ՀԿԵ-ն և հասարակական կազմակերպությունը բնակչության և տարածքների պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով մտադիր են համատեղ ջանքեր գործադրել մասնագետների ներգրավմամբ մարդասիրական արձագանքման արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը կրթական ոլորտում: Մասնավորապես, նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում մասնագետների պատրաստում, կրթական և հետազոտական գործունեության իրականացման փորձի և մեթոդիկայի փոխանակում:
Նաև նախատեսվում է իրականացնել համատեղ վթարափրկարարական աշխատանքներ:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համար արտակարգ իրավիճակ էր ստեղծվել այս տարվա մայիսին, երբ Հայաստանի հյուսիսում գտնվող Դեբեդ գետի վարարումը պատճառ դարձավ երկաթուղային ենթակառուցվածքի լայնածավալ ավերածությունների։ Տարերային աղետի հետևանքներն արագ վերացնելու համար հայ երկաթուղայիններին օգնության հասան ռուս և վրացի գործընկերները։