ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեց ևս 6 ամսով

Վերջին անգամ Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը արգելվել էր այս տարվա հուլիսի 2–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 2025 թ. հունվարի 2–ից ևս 6 ամսով արգելվեց ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում:
Կառավարությունից նշում են նաև, որ այս որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ պետք է ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով արգելվել էր այս տարվա հուլիսի 2–ից։