Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել. ո՞վ է լավագույն մարզիչը

Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստների եռյակում են Տիգրան Բարսեղյանը և Էդուարդ Սպերցյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հենրիխ Միթարյանը 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
«Հավաքելով 87 միավոր՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2022 թվականի մարտի սկզբին:
Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
24 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը. նա հավաքել է 92 միավոր:
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: