ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականի համար նախատեսված սպառազինության հիմնական ծավալն արդեն մատակարարվել է ՌԴ զորքերին, մարտական ավիացիայի և զրահատանկային տեխնիկայի արտադրությունն աճել է 2,5 անգամ, հրետանային զենքի որոշ տեսակներինը՝ 15 անգամ։ Այս տվյալները ներկայացրել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։
«Ինչ վերաբերում է այն ծավալներին, որոնք ներառված են եղել ընթացիկ տարվա պահանջված սպառազինությունների թվում ըստ ժամանակացույցի, ապա ամբողջ ծավալն արդեն մատակարարվել է։ Որոշ կետերով նույնիսկ զգալի գերակատարում կա», - ասել է Մանտուրովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` 2025 թվականի մատակարարումների գրաֆիկն արդեն կազմվել է, 2026 թվականինը ձևավորվում է։
«Ինչ վերաբերում է հիմնական ցուցանիշներին, ապա եթե վերցնենք մարտական ավիացիան, ապա աճ ունենք 2,5 անգամ, զրահատանկային տեխնիկայի մասով՝ 2,5 անգամ, թեթև զրահապատ տեխնիկայի` 4 անգամ։ Ինչ վերաբերում է հրետանայինին, ապա որոշ կետերով աճ կա ավելի քան 15 անգամ։ Այսինքն ՝ ցուցանիշներն էական են»,- ասել է առաջին փոխվարչապետը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բարձր էր գնահատել ազգային ռազմարդյունաբերական համալիրի մշակումների արագացված ներդրման մեխանիզմը, որի շնորհիվ ապրիլից զորքերին մատակարարվել է ավելի քան 65 տեսակի անօդաչու և ռոբոտատեխնիկա։