Ինչ վիճակում են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ակտաուից տարհանված ռուսաստանցիները

Կործանված ինքնաթիռը
Կործանված ինքնաթիռում 69 մարդ է եղել, որոնց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարից հետո Ակտաուից տարհանված ՌԴ քաղաքացիների վիճակը գնահատվում է ծանր։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին։
«Բոլոր տուժածները գտնվում են օդանավում, նրանց վիճակը ծանր է, բայց ենթակա են տեղափոխման։ Կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, մինչև հասնեն Մոսկվա», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Ակտաուից մեկնել է Մոսկվա, որպեսզի մայրաքաղաք տեղափոխի ավիավթարի հետևանքով տուժած ինը ռուսաստանցու, այդ թվում՝ մեկ երեխայի։
Հիշեցնենք` ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 69 մարդ է եղել, որոնց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Օդանավում եղել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։
Քանի դեռ հետաքննությունն է ընթանում, ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղություններով բոլոր չվերթերը։
Հայտնաբերվել է Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղը. հայտնի է 38 մարդու մահվան մասին