ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

Համաձայնագիրն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ընդունել են միության և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով հավանության արժանացած փաստաթղթերը... 1. Համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվել միության միասնական շուկաների ձևավորման և աշխատանքի մասով։
Մասնավորապես, ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:
Ստորագրվել է նաև երկու կարգադրություն՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին» և «ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման մասին»:
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Մասնակիցները նաև հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը:
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: