ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում առաջարկում են ներգաղթյալներին պարտավորեցնել աշխատել միայն մեկ գործատուի մոտ և դա արտացոլել օտարերկրացիներին տրվող արտոնագրերում։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել շինարարության նախարարությունը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչության մշակած փաստաթուղթը:
Փոփոխությունները նախատեսվում է իրականացնել «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում։ Շինարարության ոլորտին վերաբերող նոր կարգը կարող է ներդրվել հաջորդ տարվա ապրիլ-հունիսին՝ այլ ոլորտների վրա ևս տարածվելու հավանականությամբ։ Շինարարության նախարարությունը կարծում է, որ այդ քայլը թույլ կտա վերացնել կադրերի արտահոսքը և ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ հսկողությունը։
Այս տարի Ռուսաստանում խստացվել է միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես ճշգրտվել է արտոնագրեր և աշխատանքի թույլտվություն ստանալու համար օտարերկրացիների թեստավորման համակարգը, որից հանվել են առևտրային կառույցները։ Այժմ ներգաղթյալներից քննություններ են ընդունում միայն 92 ռուսական պետական հաստատություններ: Օտարերկրացիները թեստավորման արդյունքում պետք է ցույց տան ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և երկրի օրենսդրության հիմունքների վերաբերյալ իրենց գիտելիքները։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ներգաղթյալները ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի դինամիկ զարգացման համար անհրաժեշտություն են, ըստ այդմ՝ Ռուսաստանը ողջունում է նրանց ժամանումը: