ՌԴ-ն 68 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում դպրոցական սննդի և ենթակառուցվածքների զարգացման համար

ՌԴ հատկացված միջոցներով ավելի քան հազար դպրոցների տարրական դասարանների աշակերտներ ստանում են որակյալ և հավասարակշռված սնունդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. «Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ներառյալ 2024-2028 թվականների համար Ռուսաստանի կողմից հատկացված միջոցները, կգերազանցի 68 մլն դոլարը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում կամավոր նպատակային ներդրում կատարելու մասին: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանում դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում, որակյալ սնունդ ապահովելու համար, Ռուսաստանը դաշնային բյուջեից ավելի քան 25 միլիոն դոլար կհատկացնի դպրոցականների համար:
Մարիա Զախարովան այս համատեքստում հիշեցրել է, որ «Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագիրն իրականացվում է 2010 թվականից:
«Ռուսաստանյան հատկացումների շնորհիվ ավելի քան հազար դպրոցների տարրական դասարանների աշակերտները ստանում են որակյալ և հավասարակշռված սնունդ։ Դրանից բացի, գրեթե 100 դպրոցներում տեղադրվել են արևային վահանակներ, ինչը թույլ է տվել խնայել շուրջ 390 հազար դոլարի էլեկտրաէներգիայի ծախս։ Այդ միջոցներն ուղղվում են դպրոցական ենթակառուցվածքների զարգացմանը և աշակերտների սննդի բարելավմանը», - նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի նախագծերին Ռուսաստանի մասնակցությունը չի սահմանափակվում դպրոցական սննդով: Մոսկվան ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների հետ՝ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու համար։
Ռուսաստանն աջակցում է գյուղերի զարգացմանը, բնական զբոսաշրջությանը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում կլիմայի փոփոխությունների նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը և COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանը։ 2021 թվականից իրականացվում է հետկոնֆլիկտային վերականգնման շրջանակներում առավել տուժած շրջաններին աջակցելու նախագիծ։
Այս ծրագրերը ներառում են՝ բնակարանների տրամադրում, գյուղատնտեսական արտադրողներին օգնություն և մարտական գործողությունների մասնակիցների վերաինտեգրում:
Կապանում հյուպատոսություն բացելու համար Ռուսաստանը սպասում է հայկական կողմի պատասխանին․ Մարիա Զախարովա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Ռուսաստանը զբաղվում է հիմնական ծառայությունների մատչելիության բարելավմամբ, հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների խնամքի կազմակերպմամբ, ինչպես նաև նրանց սոցիալական աջակցությամբ:
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն զարգացնում է արդյունաբերական բնագավառի մրցունակության բարձրացման, տրանսպորտի և էներգետիկայի բարելավման նախագծեր, ինչպես նաև իրականացնում է աղքատության դեմ պայքարի, առողջության պաշտպանության նախաձեռնություններ, ներառյալ աջակցությունը նորածիններին և պայքարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: