ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ծառայողական մեքենաները կրճատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։ Արտերկրից ժամանած պատվիրակությունների, պաշտոնյաների համար ստիպված են լինելու գնման ընթացակարգերով մեքենաներ վարձակալել, ինչն ավելի թանկ է նստելու բյուջեի վրա, քան «պադավատները»։
«Մատնացույց են անում, թե ինչու են նախագահի աշխատակազմի մեքենաները 50 տոկոսով կրճատել` թողնել 6 մեքենա, երբ նախագահը տարվա մեծ մասը Հայաստանում չէ։ Բայց ամենաշատը խոսում են Աննա Հակոբյանին և Փաշինյանի ընտանիքի մյուս անդամներին սպասարկող թանկարժեք ավտոպարկի մասին»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր է քաշում այդ մեքենաների վրա։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։