ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Չնայած Վրաստանում Ռիչարդ Լուգարի անվան կենսալաբորատորիայի՝ օգոստոսից ֆինանսավորումը դադարեցնելու մասին հայտարարությանը, ԱՄՆ-ն շարունակում է օբյեկտն ապահովել անհրաժեշտ միջոցներով, և այժմ այնտեղ աշխատում են ամերիկացի ռազմական մանրէաբաններ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
«Մեծ է համոզմունքս, որ ԱՄՆ-ն դադարեցրել է միայն Վրաստանի առողջապահության ոլորտի քաղաքացիական մասի ֆինանսավորումը, իսկ ռազմականը` թողել։ Լաբորատորիան կառուցվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության միջոցներով։ Պետք է պնդել, որ լաբորատորիայի աշխատանքներն ուղղված լինեն խաղաղ բնույթի գործունեությանը, իսկ դա հնարավոր է միայն, եթե այնտեղ աշխատեն վրացի գիտնականները», - հայտարարեց Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Լուգարի լաբորատորիան հետխորհրդային տարածքում առաջին նման հաստատությունն է, որն ունի ամենաարդիական սարքավորումները, պաշտպանվածության բարձր մակարդակ, որտեղ կարելի է աշխատել I և II խմբերի բոլոր առավել վտանգավոր վիրուսների հետ: Եվ եթե վրացի մանրէաբանները ստանան իրապես աշխատելու հնարավորություն, ապա օբյեկտը կարող է մեծ օգուտ բերել առողջապահությանը և վրաց ժողովրդի պաշտպանությանը։
«Մենք (Ռուսաստանը - խմբ.) այդ ժամանակ, հիշելով մեր համատեղ պատմությունը, կհամագործակցենք մեր լաբորատորիաների միջոցով և մեր քաղաքացիներին կպաշտպանենք հնարավոր բնական և նույնիսկ կանխամտածված սպառնալիքներից», - նշեց ակադեմիկոսը:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կենսաբանական զենք է մշակում, որի թիրախում նաև որոշակի էթնիկ խմբեր են: