ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարության սպասումներով` ՀՀ պետական պարտքը 2024 թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 %։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա կախված կլինի ՀՆԱ–ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ–ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,– ասաց նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ՀՀ–ում պարտքի կառավարելի, սահմանային շեմը ՀՆԱ–ի 60 %–ն է համարվում։
Հովհաննիսյանի խոսքով` նախարարությունը մի քանի գործիք է ներդրել պարտքի կառավարման համար, ինչպես օրինակ` արժեթղթերի մեր նոր կայքը, որին հասանելիություն կունենան քաղաքացիները ու կկարողանան ներդրումներ կատարել։
Նախարարն ավելացրեց, որ ՀՀ պարտքի մասին օրենքի քննարկումներ են այս պահին ընթանում ու արդեն վերջնական փուլում են։ Հովհաննիսյանի հույս ունի, որ նոր օրենքը 2025 թ. առաջին կեսին կկարողանան արդեն ընդունել։
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն` Հայաստանի պետական պարտքի ծավալը 2024 թվականի վերջի 5,037 տրլն դրամից 2025 թվականի վերջին կհասնի 5,914 տրլն դրամի (մոտ 13,972 մլրդ դոլար՝ ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 49,8%-ից կաճի մինչև 53,5%: Պարտքի սպասարկման ծախսերը, ներառյալ վարկերի և պարտատոմսերի վճարումները, կկազմեն 394,1 մլրդ դրամ (մոտ 1,015 մլրդ դոլար):