ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ակտաուում կործանված Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը` վկայակոչելով Ղազախստանի տրանսպորտային դատախազության ներկայացուցչին:
Ինչպես հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, որը գլխավորում է ողբերգության հետաքննության պետական հանձնաժողովը, Ակտաուի մոտ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ:
Նա հավելել է, որ Ղազախստանի իշխանությունները կհամագործակցեն օդանավ արտադրողի հետ։
«Բեկորների հետ կաշխատեն՝ իրադարձությունների ժամանակագրությունը հաստատելու համար։ Այդ թվում Embraer ընկերության հետ մենք պետք է աշխատենք, որպեսզի ժամանակագրությունը հասկանանք, թե ինչից է կործանվել ինքնաթիռը», - ասել է Ղազախստանի փոխվարչապետը։
Ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, որի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիների են. ուղևորների թվում կան նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ: Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ողջ է մնացել 32 մարդ։
Azerbaijan Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները՝ մինչև Ակտաուում իր ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտը: