Գազայից զորքերի դուրսբերման և հրադադարի համար Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել. ՀԱՄԱՍ

Դոհայում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ Գազայում կրակի դադարեցման շուրջ, նշվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել՝ կապված Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման, հրադադարի, գերիների և ձերբակալվածների փոխանակման և տեղահանված անձանց վերադարձի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Դոհայում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ Գազայում կրակի դադարեցման շուրջ:
«Շարժումը դրսևորեց պատասխանատվություն և ճկունություն, սակայն օկուպանտը (Իսրայելը – խմբ.) նոր հարցեր բարձրացրեց և նոր պահանջներ առաջադրեց՝ կապված զինված ուժերի դուրսբերման, հրադադարի, գերիների փոխանակման և տեղահանված անձանց վերադարձի հետ, ինչը հետաձգեց համաձայնության ձեռքբերումը», – ասվում է հայտարարությամբ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ վերցրել:
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: