Եզրակացություններ անելը վաղ է. Իրանի արտգործնախարարը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Սիրիայում քիչ չեն այն էական գործոնները, որոնք ազդում են այդ երկրի ապագայի վրա, նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի իրադարձությունների մասին եզրակացություններ անելը վաղ է, կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են իրավիճակի վրա, այնպես որ այն դեռ կարող է փոխվել:
Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Այժմ Սիրիայում շատ են էական գործոնները, որոնք ազդում են այդ երկրի ապագայի վրա։ Իմ կարծիքով, հիմա դեռ վաղ է դատել ստեղծված իրավիճակի մասին. թե մեզ, թե մյուս կողմի ներկայացուցիչներին, ովքեր կարծում են, թե այս պահին իրենք հաղթանակ են տարել։Ապագայում դեռ շատ իրադարձություններ կլինեն», - Արաղչիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: