Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում AZAL ինքնաթիռի կործանման պատճառով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում` կապված Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։
Իլհամ Ալիևը ՌԴ էր մեկնել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
«Ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ պատճառը օդանավի բախումն է եղել թռչունների երամին։ Ինքնաթիռում նախնական տվյալներով 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ 25 մարդ ողջ է մնացել, նրանց հիվանդանոց են տեղափոխել։
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչունների բախվելուց հետո արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 09:30-ի սահմաններում Կասպից ծովի արևելյան ափի տարածքում վայրէջք կատարելիս ինքնաթիռն ընկել է։ Ղազախստանի Հանրապետության օպերատիվ ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում։