ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այդ մասին նախագահը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով Փաշինյանի՝ իրեն և մյուս նախագահներին ուղղված բանավեճի հրավերին։
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի»,- գրել է նախկին նախագահը։
Հավելել է, եթե իսկապես ցանկանում է, որ հանրությունն իմանա ամբողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա պետք է հրապարակի Մինսկի խմբի առաջարկները՝ հաշվի առնելով, որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իմաստը։
ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ դա արդեն կլինի իսկական բանավեճ՝ հիմնված փաստերի վրա։
«Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- շեշտել է նա։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ կրկին բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։