ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականին կաճի 4,7 %-ով, Սանկտ Պետերբուրգում անցկացվող համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ ցուցանիշը գերազանցում է համաշխարհային միջին մակարդակը։
«ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին ավելացել է 10,6 %-ով՝ գերազանցելով 93 մլրդ դոլարը», - նշել է Պուտինը:
Նախագահն ընդգծել է, որ արժութաֆինանսական ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցությունը շարունակում է ընդլայնվել. համագործակցության ներքին առևտրային գործարքների ավելի քան 85 %-ն իրականացվում է ազգային արժույթներով:
Պուտինը նաև նշել է ներմուծման փոխարինման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ոլորտում զգալի առաջընթացը:
Բացի այդ, ԱՊՀ երկրներն ակտիվորեն զարգացնում են փոխգործակցությունը հանցավորության, ահաբեկչության և նարկոթրաֆիկի դեմ պայքարում։
Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում: Այս անգամ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի է ունենում Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրի հարթակում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու: