«2 գմփոց լսեցինք». կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել

Զաուր Մամեդովը ողջ է մնացել և ավիավթարից հետո պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում:
Sputnik
Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի ուղևորներից մեկը` Զաուր Մամեդովը, որը ողջ է մնացել ավիավթարից հետո, պատմել է, որ օդանավի ընկնելուց առաջ երկու գմփոց է լսել: RT-ի հետ զրույցում նա պատմել է, որ ինքնաթիռում խուճապ չի եղել, ուղևորներին հանգստացրել են և վստահեցրել, որ ամեն ինչ կարգին կլինի:
«Երկու գմփոց լսվեց, չգիտեմ` ինչ էր, բայց երկու լուրջ գմփոց լսեցինք... Մեր մահվանն էինք սպասում։ Հետո սկսեց ընկնել, և վերջ, ինքնաթիռը երկու կես եղավ»,- ասել է նա։
Տղամարդու խոսքով` ոմանք ճզմվել են, նրանց օգնել են այլ ուղևորներ, այդ թվում` Զաուրը։
Նա հավելել է, որ Ղազախստանի արտակարգ ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր։
Ի դեպ, համացանցում հայտնվել է նաև կործանված ինքնաթիռի տեսագրությունը, պոչի հատվածում բազմաթիվ անցքեր են երևում, որոնք բեկորային անցքեր են հիշեցնում:
Օդանավի կործանման պատճառի մասին պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա, բայց սոցցանցերում և խմբերում քննարկում են ԱԹՍ–ով հարվածի կամ ՀՕՊ աշխատանքի վարկածները։
Հիշեցնենք` Բաքու–Գրոզնի չվերթն իրականացնող «Embraer 190 ինքնաթիռը»դեկտեմբերի 25-ի առավոտյան ընկել է Ղազախստանի Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Վարկած կա նաև, որ ինքնաթիռը բախվել է թռչունների երամին։ Երկու օդաչուները զոհվել են։ Հաղորդվում է, որ ողջ է մնացել անձնակազմի միայն մեկ անդամ:
«AZAL» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո ողջ է մնացել 32 մարդ։ Նրանցից 14-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 10-ը` Ռուսաստանի։