ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական կողմը դեռևս որևէ կոնկրետ դիմում չի ստացել Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի նախագահի վարչակազմին կից հաղորդակցությունների վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կրկին բանակցություններ անցկացնելը հնարավոր է. Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրանք սկսելու համար։
«Բանակցություններն ընդունելու պատրաստակամության մասին մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով, ինչպես ընդգծել է պարոն նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը. խմբ.), խաղաղ գործընթացում պարտվող կողմ չի լինի։ Այս պահին կողմերից (բանակցությունների կազմակերպման վերաբերյալ. խմբ.) դիմումներ չեն ստացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա` հաշվի առնելով «գետնի վրա» տիրող իրավիճակը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։