Թրամփի բացվող ախորժակը. Գրենլանդիայից մինչև Պանամայի ջրանցք` չհաշված Կանադան

«Գնդակահարության պատի տակ կանգնած Արկադիոն խստորեն ամփոփում էր ապրած կյանքի արդյունքները՝ հիմա միայն հասկանալով, թե որքան է իրականում սիրում այն մարդկանց, որոնց ամենքից շատ էր ատում»:
Sputnik
Երևի հիշում եք, Գաբրիել Գարսիա Մարկեսի այս խոսքերը Լատինական Ամերիկայում ավելի քան 120 տարի առաջ տեղի ունեցած այսպես կոչված Հազարօրյա քաղաքացիական պատերազմի մի դրվագ են ներկայացնում։ Պատերազմ, որի ավարտից հետո ամերիկացիների օգնությամբ Կոլումբիայից անջատվեց Պանաման, որտեղ էլ նույն ամերիկացիները կառուցեցին այն ջրանցքը, որը միմյանց է կապում երկու օվկիանոսները։ Ուղիղ 25 տարի առաջ այդ ռազմավարական ջրային միջանցքը հանձնվեց պանամացիներին։ Բայց օրերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է հետ բերել համեղ պատառը, որը, նորընտիր նախագահի վկայությամբ, «ժամանակին Ջիմի Քարթերը վաճառել է ընդամենը մեկ դոլարով»։
Եվ խոսքն այն մասին չէ, որ ԱՄՆ-ին օդի ու ջրի պես անհրաժեշտ է այն մի քանի միլիարդ դոլարը, որը Պանամայի իշխանություններն ամեն տարի ստանում են ջրանցքով անցնող նավերից։ Թրամփի զայրույթի պատճառը երևի կարելի է այսպես ձևակերպել.
«Ուրեմն մենք՝ ամերիկացիներս, կառուցենք այդ ջրանցքը, հետո այն կամովին հանձնենք պանամացիներին, ու այդքանից հետո այդ ջրանցքով հանգիստ անցնեն այն նավերը, որոնք պատկանում են մեր թիվ մեկ համաշխարհային մրցակցին՝ Չինաստանի՞ն, մեզնից էլ լիքը փող գանձեն նույն ջրանցքից օգտվելու համար։ «Պանամայի ջրանցքն առանցքային դեր ունի Միացյալ Նահանգների տնտեսության զարգացման և ազգային անվտանգության ապահովման գործում»,- փաստել է Թրամփը։
Համաձայնե′ք, պարզապես անհնար է զուգահեռներ չանցկացնել Մերձավոր Արևելքի հետ, որտեղ Բենյամին Նեթանյահուն գրեթե նույնն է ասել՝ քանզի Սիրիայի Գոլանի բարձունքներն առանցքային դեր ունեն Իսրայելի անվտանգության համար, ուրեմն իսրայելցիներն էլ պետք է հավերժ վերահսկեն այդ բարձունքները։
Պանամայի ջրանցքը, ի դեպ, միակ տարածքը չի, որի նկատմամբ նկրտումներ ունի Դոնալդ Թրամփը, նշում են ամերիկյան լրատվամիջոցները՝ մանրամասնելով. «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը բացեիբաց արտահայտել է իր տարածքային հավակնությունները և սպառնացել դուրս բերել Գրենլանդիան Դանիայի վերահսկողությունից»։
Թրամփի հիմնավորումը. «Ողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության ապահովման համար հույժ կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատի իր տիրապետությունը և վերահսկողությունը Գրենլանդիայի նկատմամբ»։ Ի դեպ, դեռ իր նախորդ նախագահության ժամանակ Թրամփը քննարկում էր աշխարհի ամենամեծ կղզին գնելու տարբերակը։ Եթե պնդեք, թե դա աննախադեպ առաջարկ է, կհիշեցնեմ, որ 19-րդ դարում Ամերիկան գնել է Ալյասկան, ու չմոռանաք նաև, որ Թրամփը բիզնեսմեն է։ Ճիշտ է, այն ժամանակ Դանիայի իշխանությունները մերժեցին Թրամփի առաջարկը, իսկ Դանիայի արտգործնախարարությունը հայտարարեց. «Մենք բաց ենք բիզնեսի համար, բայց մեր հայրենիքը վաճառելու մտադրություն չունենք»։
Սակայն էստեղ շատ կարևոր մի նրբություն կա։ Թեև Գրենլանդիայի բնակչությունը 70 հազարից չի անցնում, այնտեղ էլ են ահագնանում անկախական տրամադրությունները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, նյույորքյան առաջատար թերթերից մեկը գրում է. «Քանզի Գրենլանդիան ցանկանում է անջատվել Դանիայից, ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել գրենլանդացիներին, որովհետև անկախ պետություն դառնալու դեպքում Գրենլանդիան պարզապես չի կարողանա ապահովել սեփական պաշտպանությունը՝ դրանով իսկ վտանգելով ողջ Արևմուտքի շահերը։ Այնպես որ, Դոնալդ Թրամփը դարի գործարքը կնքելու շանս ունի»։
Այնուամենայնիվ չմոռանանք, որ Ամերիկայի տարածքային ընդլայնման մասին խոսակցությունները սկսվել են ո′չ Պանամայից, ո′չ էլ Գրենլանդիայից, այլ… Կանադայից։ Դեռ այս ամսվա սկզբին Թրամփն իր ստեղծած սոցիալական ցանցում տեղադրեց հետևյալ գրառումը, որը թույլ տվեք մեջբերեմ բառացիորեն. «Կանադացիներից շատերն ուզում են, որ Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Գտնում եմ, որ դա գերազանց միտք է։ 51-րդ նահանգ»։
Ի դեպ, այս նույն արտասովոր թվացող գաղափարը Դոնալդ Թրամփը բարձրաձայնեց նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը։ Ճիշտ է, Թրյուդոյի աշխատակազմում փորձեցին որպես կատակ ներկայացնել Թրամփի ասածը, բայց ախր, Ամերիկայի նորընտիր նախագահը շատ կոնկրետ հիմնավորել էր՝ ասելով Թրյուդոյին. ձեր երկրի հետ առևտուրը տարեկան մոտ 100 միլիարդ դոլարի վնաս է պատճառում մեր կառավարությանը մաքսային սակագների պատճառով, բացի այդ, դուք ոչ մի կերպ չեք կարողանում լուծել միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության խնդիրը։ Եթե այդպես է, ավելի լավ է միացե′ք մեզ, դարձեք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, դուք էլ կլինեք այդ նահանգի նահանգապետը,- առաջարկել է Դոնալդ Թրամփը Ջասթին Թրյուդոյին։
Հաշվի առնելով այս ամենը, կարելի է խորհուրդ տալ այն հայաստանցիներին, որոնք ամեն տարի աշնանը դիմում են ամերիկյան գրին քարտ ստանալու համար՝ այդքան մեծ հույսեր մի′ կապեք վիճակախաղի ու բախտի հետ, գնացե′ք Կանադա, Պանամա կամ առնվազն Գրենլանդիա։ Մեծ հավանականությամբ, շուտով կհայտնվեք Միացյալ Նահանգներում։ Եթե իհարկե, նորընտիր նախագահին հաջողվի կյանքի կոչել իր երկրի տարածքային ընդլայնման ծրագրերը։