ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել սահմանը ապօրինի հատելու գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը, չնայած այն բանին, որ նա այլ գործերով արդեն պատիժ է կրում: Այս մասին հայտնում է «InterPressNews» գործակալությունը։
Սահմանն ապօրինի հատելու գործով ապացույցների ուսումնասիրման փուլի ավարտից հետո դեկտեմբերի 24-ի դատական նիստում Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան միջնորդություն է ներկայացրել կալանքը վերացնելու մասին: Ըստ փաստաբանի, կալանավորման՝ որպես խափանման միջոցի հիմքեր չկան, քանի որ դատարանը շուտով պետք է հրապարակի գործով դատավճիռը, իսկ նախկին նախագահն առանց այդ էլ անազատության մեջ է:
Դատավոր Միխայիլ Ջինջոլիան պարզաբանել է, որ շարունակում Սաակաշվիլիի՝ թաքնվելու կամ նոր հանցագործություն կատարելու վտանգը, ըստ այդմ մերժվել է կալանքը վերացնելու միջնորդությունը:
Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով Սաակաշվիլիի խափանման միջոց է ընտրել կալանքը: Դատավորը պարզաբանել է, որ եղել է վկաների վրա ճնշում գործադրելու կամ ապացույցները ոչնչացնելու, ինչպես նաև նոր հանցագործություններ կատարելու վտանգ, ուստի բավարարվել է Սաակաշվիլիին կալանավորելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։