ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Վարազդատ Լալայանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առցանց քվեարկության արդյունքում Լալայանը ստացել է 1778 ձայն: Նա կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայնով:
«5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ»,– նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ներկայացրել էինք «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։