ՔՊ–ն տեսախցիկների աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ ուրիշն է դրել շրջանառության մեջ

Նախագծի հիմնավորումը նույնն է, ինչ նախկինի դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը ևս խնդրահարույց է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Հայտնել ենք, որ նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման և 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը, որը հունիսին առաջին ընթերցմամբ հաստատվել էր ԱԺ–ում։ Օրենքով մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
«Հիմա մի քանի օր է՝ Հայկ Սարգսյանն է շրջանառության մեջ դրել համանման նախագիծ, որով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ ՏԻՄ-երին, համայնքներին են տալիս այդ լիազորությունը՝ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը և ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների շինությունները դրսի կողմից, ինչպես նաև տվյալ ՏԻՄ կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին»,–գրում է թերթը:
Նախագծի հիմնավորումը նույնն է՝ «մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության և այլ հակահասարակական վարքագծի դրսևորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի»: