Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025–ի ապրիլին

ՌԴ փոխվարչապետի խոսքով` տարեկան մոտ 155 հազար միգրանտ երեխա է հաճախում ռուսական դպրոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Դպրոց ընդունվելու համար միգրանտների երեխաների ռուսաց լեզվի իմացության թեստավորումը Ռուսաստանում կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
«Ռոսոբրնադզորն» այժմ ավարտում է մեթոդական նյութերի և թեստավորման համակարգերի ու գնահատման չափանիշների պատրաստումը, քանի որ հասկանում ենք, որ տարբեր դասարանների համար տարբեր մակարդակի թեստավորում կպահանջվի։ Արդեն հաջորդ տարվա ապրիլի 1-ից նման աշխատանք է համակարգված տարվելու մեր երկրի բոլոր կրթական հաստատություններում»,- ասել է ՌԴ կառավարության փոխնախագահը։
Չերնիշենկոյի խոսքով՝ ՌԴ-ում տարեկան դպրոց է հաճախում մոտ 155 հազար միգրանտ երեխա։
Ավելի վաղ Պետդուման օրինագիծ էր ընդունել, որն արգելում է միգրանտների` ռուսերենին չտիրապետող երեխաներին ռուսական դպրոցներում ընդգրկել։ Այժմ նրանք պետք է թեստ հանձնեն, որը ցույց կտա լեզվի իմացության մակարդակը։