ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին: Այս մասին հայտարարել Է ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելում գտնվող ռազմական թիրախին օկուպացված Յաֆֆո շրջանում (Թել Ավիվ` խմբ., ծնթ. ՏԱՍՍ-ի): Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին»,-ասել է շարժման ներկայացուցիչը հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել էր, որ գնդակոծելու է Իսրայելի տարածքը և նրա հետ կապ ունեցող նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, քանի դեռ պաղեստինյան անկլավում գործողությունը չի դադարեցվել։
Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա:
Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների` ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիայի ձևավորման և Prosperity Guardian («Բարգավաճման պահապան») գործողության մեկնարկի մասին Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու և նավերը պաշտպանելու համար: Հետագայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին պարբերաբար հարվածներ հասցնել ապստամբների` Եմենի տարբեր նահանգներում ռազմական օբյեկտներին։