ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ, հայտնում են նախարարությունից։
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։
Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։
Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։