ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

Քեսաբը. Արխիվային լուսանկար
Հյուպատոսությունը հունվարի 2–ին կլինի Քեսաբում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. 2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։
«Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում:
Նշենք, որ դեկտեմբերի 8–ից Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես շարունակում էր Բեյրութից։ Իսկ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսել է իր աշխատանքը դեկտեմբերի 19–ից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: