Երևանում աղբահանությունը թանկանում է. վճարը 2025–ից կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի

Երևան. Արխիվային լուսանկար
Այժմ աղբահանության վճարը կատարվում է բնակարանում գրանցված անձանց թվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին նախագիծ է առաջ քաշել, որով աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետև կատարվի ըստ բնակարանի մակերեսի։ Այս նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը։
Նշենք, որ այժմ աղբահանության վճարը կատարվում է ըստ բնակարանում գրանցված անձանց թվի` անձը 200 դրամ։ Ստացվում է, որ տարեկան 1 անձի հաշվով աղբահանության վճարը կազմում է 2400 դրամ։
«Մակերեսով հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն` բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը սահմանվում է քմ-ը 13 դրամ»,– նշեց Հակոբյանը։
Ըստ նախագծի` Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251 635, որից 52 641-ը` 1 սենյականոց, 85 073-ը` 2 սենյականոց, 91 829-ը` 3 սենյականոց և 22 092-ը` 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել 1 սենյականոցի համար` 35 քմ–ը, 2 սենյականոցի համար` 53 քմ–ը, 3 սենյականոցի համար` 64–ը և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում` 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։
Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի հաշվարկի դեպքում կվճարվի 455 դրամ։
Իսկ եթե, օրինակ, 53 քմ մակերեսով բնակարանում ապրում է մեկ մարդ, ապա մինչև 2025–ը նա աղբահանության համար ամիսը վճարում էր 200 դրամ, 2025–ից կվճարի 676 դրամ։
Անդրադառնալով անհատական բնակելի տներին` Հակոբյանը շեշտեց, որ դրանց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, հետևաբար աճն ավելի է լինում։ Մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ։