ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա: Պատվիրակության կազմում կընդգրկվեն տնտեսության տարբեր ոլորտները համակարգող և ներդրումների համար պատասխանատու նախարարները։ Այս մասին գրում է Hürriyet թերթը։
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Հաքան Ֆիդանն արդեն այցելել են Դամասկոս։
Էրդողանի այցի ժամկետը դեռ որոշված չէ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: