ԵԱՏՄ, թե ԵՄ. ինչ կարող է կորցնել Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերջերս ավարտված ստորագրահավաքը, որն անցկացվել է արևմտամետ քաղաքացիական նախաձեռնություններից մեկի կողմից, ևս մեկ առիթ է հիշելու, թե ինչ առավելություններ կարող է կորցնել մեր երկիրը՝ դուրս գալով Եվրասիական տնտեսական միությունից:
Sputnik

Պարենային անվտանգություն

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ամրապնդել պարենային անվտանգությունը։ Այդ փաստն ընդունել են նաև հայկական իշխանությունները։ Այսպես, 2022-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ որոշ վերջին որոշումների համար, որոնք շատ առումներով մեզ աջակցել են պարենային անվտանգության շրջանակներում։ Դա շատ կարևոր է մեզ համար»։
Բայց հետո հայտնվեց դիվերսիֆիկացիայի գաղափարը, և արդեն այս տարի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերից, որը տարված է հայկական տնտեսությունում ռուսական գործոնի նվազեցման մասին արևմտյան գաղափարներով, հնչեց այն միտքը որ պետք է հրաժարվել ՌԴ-ից ներկրված ցորենից՝ հօգուտ բրնձի (ներկրվում է երրորդ երկրներից)։
Այս ֆոնին դիտարկենք, թե որքանով է ինքնաբավ Հայաստանը։
Եվ այսպես, սպառվող ցորենի մոտ մեկ երրորդը և եգիպտացորենի մի փոքր մասը Հայաստանն ինքն է արտադրում, մնացածը՝ ներմուծում (գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից)։
ՌԴ-ն պարբերաբար մաքսատուրքեր է սահմանում հացահատիկի արտահանման համար, բայց Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, ազատված է դրանցից։ Այդ տուրքերի դրույքաչափը լողացող է և վերջին ժամանակներս բավականին զգալիորեն աճել է (տոննայի դիմաց մինչև 10-11 դոլար, այսինքն՝ հացահատիկի ներկայիս արժեքի գրեթե 5 տոկոսը)։
Բացի այդ, Ռուսաստանից ներկրվող ցորենը նախկինի պես համեմատաբար էժան է։ 2022-ին Հայաստանի համար ռուսական ցորենի մեկ տոննան միջինում արժեր 280 դոլար, մինչդեռ այլ երկրների ցորենը հիմնականում 350 դոլարից բարձր է (համեմատության համար դիտարկել ենք Բուլղարիայից, Ռումինիայից և Ղազախստանից տարածաշրջանի երկրներ ցորենի արտահանման գները)։ 2023-ին ռուսական ցորենի գինը Հայաստանի համար նվազել է մինչև մոտ 180 դոլար մեկ տոննայի համար:
Ստորև փորձել ենք համեմատել Ռուսաստանից և այլ հնարավոր մատակարար երկրներից ցորենի գները (համեմատության համար ընտրել ենք Հայաստանին աշխարհագրորեն հնարավորինս մոտ գտնվող երկրների գները):
2023 թվականին մատակարարված ցորենի գների համեմատություն
Իհարկե, Հայաստանը նախկինի պես կկարողանա հացահատիկ գնել Ռուսաստանից, նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, բայց այդ դեպքում ստիպված կլինի վճարել 5% տուրք, որը կներառվի վերջնական ապրանքների գնի մեջ։ Դրանց գների աճը նույնիսկ ոչ թե 5%-ով, այլ 3-4%-ով կբարձրացնի ընդհանուր գնաճը 0,25-0,3%-ով (հաշվի առնելով այդ ապրանքների մասնաբաժինը Հայաստանի սպառողական զամբյուղում, որի վրա հիմնվում են գնաճի վիճակագրական տվյալները)։
Բացի այդ, Հայաստանի վրա կտարածվեն նաև հացահատիկի արտահանման սահմանափակումները, որոնք Ռուսաստանը կարող է կիրառել ապագայում ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրների համար։
Ռուսաստանից Հայաստանը գնում է նաև եգիպտացորենի գրեթե ողջ ծավալը՝ որպես անասնաբուծական կեր։ Եթե եգիպտացորենի արտահանումն էլ հարկվի, ապա կարող են թանկանալ միսն ու ձուն։
Իսկ եթե իշխանությունները երկիրը տանում են դեպի Արևմուտք, ապա պետք է հասկանան, որ ռուսական ապրանքների համար մաքսատուրքեր են սահմանվելու, իսկ ԵՄ-ն անշեղորեն բարձրացնում է այդ մաքսատուրքերը քաղաքական նկատառումներով։ Այսպես, ռուսական ցորենի մաքսատուրքը ԵՄ-ում կազմում է 148 եվրո մեկ տոննայի դիմաց (այն դեպքում, երբ ԵՄ-ն երրորդ երկրների մեծ մասից ցորեն է գնում առանց մաքսատուրքի)։

Գազային խնդիրներ

Չի կարելի հստակ ասել, թե եվրաինտեգրման խորացման դեպքում Հայաստանն ինչ գնով է գնելու ռուսական գազը։ Բայց համեմատության համար կարելի է նայել Ռոտերդամի ТТF բորսայի գնանշումները (որոնք ԵՄ-ի համար ուղենիշ են համարվում) վերջին մեկ տարվա ընթացքում։ Համեմատենք դրանք Հայաստանի համար ռուսական գազի ֆիքսված գների հետ՝ աշխարհում գազի ամենացածր գներից մեկը (1000 խմ-ի դիմաց 165 դոլար)։
Գազի գների համեմատություն Եվրոպայում (TTF բորսա) և Հայաստանում
TTF-ի տվյալները քիչ թե շատ արտացոլում են իրականությունը ոչ միայն Արևմտյան Եվրոպայի համար. օրինակ, Լեհաստանում տնային տնտեսությունների համար սակագինը, հուլիսի 1-ից բարձրացումից հետո, կազմում է մոտավորապես 30 կոպեկ 1 կՎտ ժամի համար (գինը կարող է փոքր-ինչ տարբեր լինել՝ կախված սպառողների և մատակարարների կատեգորիայից)։ Սա մոտավորապես 800 դոլար է կազմում հազար խորանարդ մետրի դիմաց կամ ավելի քան երկու անգամ, քան Հայաստանում (370 դոլար):
Տեսականորեն Հայաստանը կարող է սկսել մեծ ծավալներով իրանական գազ գնել, բայց Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, տարբեր գնահատականներով, տարեկան կազմում է մոտ 1,5 մլրդ խմ, մինչդեռ այսօր Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 2,7 մլրդ խմ։
Հայաստանը Իրանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ չի վարել, քանի որ 2013-ի համաձայնագրերով ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչև 2043-ի ավարտը չվատթարացնել «Գազպրոմի» և նրա դուստր ընկերությունների տնտեսական վիճակը Հայաստանում: ՌԴ կառավարությունն իր հերթին պարտավորվել է Հայաստանին գազ մատակարարել կայուն գնով մինչև 2031-ը: Ավելի վաղ էներգետիկայի ոլորտի պատասխանատուները հայտարարել էին, որ իրանական գազի արժեքը զգալիորեն գերազանցում է ռուսական գազի գինը:
Դժվար է ենթադրել, թե ինչ տեղի կունենա վատագույն սցենարի դեպքում, եթե Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերը դադարեն գործել։ Փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե Հայաստանի համար գազի գինը բարձրանա պայմանական 20%-ով։
Ընդհանուր գնաճի վրա դա պետք է անդրադառնա 2%-ով (հաշվի առնելով, որ Հայաստանի սպառողական զամբյուղում կենցաղային և գազալցականների գազը զբաղեցնում է մոտ 11%)։ Հաշվի առնելով գազի ազդեցությունը էլեկտրաէներգիայի գների վրա՝ այն կարող է թանկանալ մոտ 5%-ով։ Գուցե և ավելի քիչ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը և մատակարարների մրցակցությունը կզսպեն գները։ Բայց նույնիսկ 3-4% թանկացումը, իհարկե, լավ նորություն լինել չի կարող։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը Ռուսաստանից միջուկային վառելիք է ներկրում, որը տեխնիկական պատճառներով (ռեակտորի կառուցվածք) չի կարելի փոխարինել արտասահմանյան վառելիքով: ԵՄ մտնելու դեպքում ռուսական վառելիքային հավաքույթները կհարկվեն 3,7% մաքսատուրքով, որը կարտացոլվի էլեկտրաէներգիայի գնի վրա՝ կազմելով 0,44%։
Ընդհանուր առմամբ, գազի 20% թանկացումը կարող է երկրում ընդհանուր գնաճը բարձրացնել մոտ 0,7%-ով (հաշվի առնելով Հայաստանի տնտեսությունում գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի տեսակարար կշիռը): Արդյունաբերության ոլորտում գները կարող են աճել մոտ 0,4%-ով: Սակայն սա միջինացված ցուցանիշ է. էներգատար արտադրություններում (կոնյակի, միրգ-բանջարեղենի պահածոների, պանրի, ջերմոցային բանջարեղենի արտադրություն) գները կարող են աճել 1-2%-ով կամ ավելի։ Հենց այս ապրանքներն են Հայաստանի համար կարևոր արտահանման նշանակություն ունեցողները։

Իսկ ո՞ւմ հետ առևտուր անել

Հայաստանը կբախվի առևտրային խոչընդոտների, նույնիսկ եթե որոշի մնալ ԱՊՀ-ում՝ պարզապես մեկուսանալով ԵԱՏՄ-ից։ Իհարկե, ԱՊՀ-ում շարունակում է գործել ազատ առևտրի գոտին, սակայն այստեղ հայտնվել է վերապահում. ԵԱՏՄ երկրներն իրենց իրավունք են վերապահում միութենական մաքսատուրքեր կիրառել ԱՊՀ երկրների ապրանքների համար, որպեսզի պաշտպանեն իրենց շուկան։
Այդ տուրքերը, ինչպես երևում է աղյուսակից, բավական բարձր են, որպեսզի հարվածեն հայկական ապրանքների մրցունակությանը (որոնց զգալի մասն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ)։ Ոչ մի երաշխիք չկա, որ բավական արագ ժամկետում հնարավոր կլինի այդ կորցրած արտահանումը լրացնել այլ շուկաներում։
Մի շարք ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային սակագները և Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մեջ դրանց չափաբաժինը
Նշենք, որ մինչև 2022-ը ԵԱՏՄ երկրներին բաժին էր ընկնում Հայաստանի արտահանման մոտ մեկ երրորդը (այժմ՝ 40%-ից մի փոքր ավելի, բայց մեծամասամբ միջնորդական առևտրի հաշվին, որի մասին կխոսենք ստորև)։
Հավելենք, որ մենք սարքավորումների (մեխանիկական, էլեկտրոնային, օպտիկական) ցուցանիշներ չենք ներկայացնում, քանի որ այստեղ միջնորդական առևտրի մեծ ծավալների պատճառով թվերը գերազանցում են բուն հայկական արտահանումը։ Այնուամենայնիվ, մինչև 2022-ը Հայաստանը ԵԱՏՄ երկրներ (հիմնականում Ռուսաստան) տարեկան մոտ 30-40 մլն դոլարի էլեկտրոնիկա էր արտահանում, մինչդեռ ԵՄ-ում այդ արտահանումը գրեթե զրոյական էր։

Միջնորդական առևտրի մասին

2024-ի առաջին կիսամյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում մենք նախկինում հաշվել ենք 46 ընկերություն և անհատ ձեռնարկատեր, որոնք իրենց մասին որևէ տեղեկություն չեն հրապարակում և մեծամասամբ ստեղծվել են 2022-ին կամ դրանից հետո։ Այս ամենը ստիպում է ենթադրել, որ նրանք զբաղվում են էլեկտրոնիկայի, ադամանդների, ոսկերչական իրերի վերավաճառքով (այդ պատճառով էլ չեն ձգտում գովազդել իրենց գործունեությունը)։ Այդուհանդերձ, մոտավոր գնահատականով, նրանցից Հայաստանի բյուջե է մուտքագրվել մոտ 13 մլրդ դրամ (34-35 մլն դոլար)։
Այստեղ ավելացնենք ավտոդիլերներին, որոնք օգտագործված մեքենաներ են ներկրում ամերիկյան և ճապոնական աճուրդներից և դրանց զգալի մասը վերավաճառում են ԵԱՏՄ երկրներ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստան, այլև Ղազախստան։ Դրանց զգալի մասը կա՛մ կրկին «անտեսանելիներն» են, կա՛մ չեն հայտնվել թոփ-1000-ում, քանի որ աշխատում են շատ փոքր մարժայով։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր հայտնվել են թոփում, առաջին կիսամյակի համար վճարել են 3,4 մլրդ դրամ հարկ (գրեթե 9 մլն դոլար)։
ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի համար նման վերավաճառքի հնարավորությունները եթե ընդհանրապես չվերանան (դրանով զբաղվում են Թուրքիան, ԱՄԷ-ն և մի շարք երկրներ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն), ապա առնվազն խիստ կկրճատվեն։

Արդյունքներ

Եվրասիական ինտեգրումից հեռանալու դեպքում կարելի է ակնկալել գնաճի ավելացում (այդ թվում՝ ցորենի և այլ կարևորագույն պարենային ապրանքների թանկացում)։ Հարվածի տակ կընկնի հարյուր միլիոնավոր դոլարների ապրանքների արտահանումը՝ առանց ԵՄ-ում կամ այլուր նման ծավալի շուկաներ զբաղեցնելու երաշխիքի։ Ռելոկանտների ստացված օգուտները նույնպես կվերանան: Գների աճը, արտահանման կրճատումը, տնտեսության արտադրողականության նվազումը այն ռիսկերն են, որոնց պետք է դիմակայել երկար տարիներ։
ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելը կլինի տնտեսական ինքնասպանություն. Թաթուլ Մանասերյան