ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կտրուկ աճել է Թուրքիայից հայրենիք վերադարձող քաղաքացիների թիվը։ Այս մասին «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով` այժմ Թուրքիայում ապրում է ավելի քան 2,92 միլիոն սիրիացի փախստական, իշխանափոխությունից հետո վերադարձի ցուցանիշն աճել է յոթ անգամ։
«Եթե նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը 3433 սիրիացի է ինքնակամ վերադարձել Սիրիա, ապա դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 23440»,- հստակեցրել է նախարարը։
Վերադարձողների կեսից ավելին սահմանը հատում է Հաթայ նահանգի Գիլվեգեզու անցակետով։ Սիրիացիների վերադարձի համար բացվել է վեց անցակետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: