Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում 18 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. մարզպետ

Բելգորոդի մարզ
Բնակավայրերից մեկում վնասվել է բնակելի տան տանիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները նախորդ օրվա ընթացքում 15 արկով և 3 ԱԹՍ–ով հարձակվել են Բելգորոդի մարզի չորս շրջանների վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովը Telegram-ում հրապարակել է դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրետակոծության ամփոփագիրը։ Ըստ այդ տվյալների՝ երկու գյուղերի ուղղությամբ արձակվել է 15 արկ, անօդաչու սարքերով հարված է հասցվել երեք բնակավայրի, գյուղերից մեկում վնասվել է բնակելի տան տանիքը։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է սահմանվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։