ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցելու է և համատեղ ծրագրեր կազմելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ, գրում է թուրքական «Ekonomim» թերթը Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հոդվածում։
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիային և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում կանգնած հիմնական ուժեր, որոնք իշխանության բերեցին զինված ընդդիմությանը։ Իր հերթին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հույս ունի բանակցել Թրամփի հետ Սիրիայի հարցով, երբ նա ստանձի պաշտոնը, և որ այդ բանակցությունները կարևոր է համարում տարածաշրջանի համար։
«Մինչև երեկ Թուրքիան միաժամանակ գործում էր տարածաշրջանի մի քանի երկրների հետ՝ ավելի շատ հաշվի առնելով հավասարակշռությունը։ Այժմ, կարծես թե, ստեղծվել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի կամ հաշվարկների իրավիճակ։ Անշուշտ, բանակցություններ կամ քննարկումներ կլինեն։ Իհարկե, գործընթացները երբեմն արգելափակվելու են։ Սակայն ընդհանուր առմամբ համատեղ գործողությունների համար հիմքերը չեն խախտվի», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կնպաստեն Թուրքիայի ներկայիս կառավարության պահպանմանը, կարծում է պարբերականը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: