Փաշինյանը ստում է և նենգափոխում պատմությունը սեփական դեմքը փրկելու համար․ քաղաքագետ

Փաշինյանի մամուլի ասուլիսը. Արխիվային լուսանկար
Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022թ․ հոկտեմբերի 6-ի հայտարարությամբ, որի տակ ստորագրել է Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է, նա փորձում է ամենաայլանդակ ձևով խմբագրել, նենգափոխել պատմությունը՝ պատասխանատվությունից խուսափելու և սեփական դեմքը փրկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Փաշինյանի հերթական հայտարարությունն Արցախյան հարցի վերաբերյալ։ Այսօր Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարի մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»։
Սուրենյանցի խոսքով՝ սա բացահայտ կեղծիք է։ Առաջարկվող լուծման տարբերակներից մեկից բացի (որն էլ իրականություն չի դարձել), մնացած բոլոր տարբերակներում Արցախի կարգավիճակի հարցը կանխորոշված չի եղել։
«Ըստ էության, այդ տարբերակի դեպքում խոսվում էր, այսպես ասած, ընդհանուր պետություն ստեղծելու մասին՝ կոնֆեդերեցիայի պես մի բան։ Եթե այսօրվա վիճակի հետ համեմատենք, դա էլ հրաշքի պես մի բան էր։ Մնացած բոլոր տարբերակներում ԼՂ կարգավիճակի հարցը կանխորոշված չի եղել, ուստի Փաշինյանը լկտիաբար ստում է»,- նշում է Սուրենյանցը։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում մի պատմական փաստի վրա․ եթե դեռ 1994-ին կանխորոշված էր, ապա ինչու էր 1996-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառում Լիսաբոնի գագաթաժողովում։ Շեշտում է՝ անգամ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կարգավիճակը որոշված չէր, այն դեպքում, երբ պատերազմում դաժան պարտություն էինք ունեցել։
«Տրամաբանությունը ո՞րն էր՝ մենք զինադադար ենք ստորագրել, որտեղ ամրագրվել է հայկական կողմի հաղթանակը, որ դրանից անմիջապես հետո Արցախը վերադարձնե՞նք։ Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ի հայտարարությամբ է (Պրահայի քառակողմ հայտարարություն` Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև` հեղ․) Լեռնային Ղարաբաղը ճանաչվել ունիտար Ադրբեջանի մաս՝ առանց որևէ երաշխիքի, ու դա արվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ»,- շեշտում է Սուրենյանցը։
Ինչո՞ւ է Փաշինյանն ակտիվորեն զբաղված պատմության կեղծմամբ․ Սուրենյանցի կարծիքով՝ շատ պարզ է՝ խաղաղության պայմանագիրն իրականում սողացող կապիտուլյացիա է, նա էլ փորձում է իրավիճակ ստեղծել, թե նախկին 3 նախագահներն այնքան սխալ որոշումներ են ընդունել, վատ կառավարել, որ ինքը հազիվ փորձելու է փրկել Հայաստանը։