ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի սահմանապահները պետական սահմանը խախտելու փորձեր են կանխել։ Մի դեպքում օտարերկրյա քաղաքացին փորձել է Մինսկից Երևան մեկնել ՌԴ անձնագրով: Ստուգման արդյունքում պարզվել է, որ փաստաթուղթը նրան չի պատկանում։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պետական սահմանային վերահսկողության կոմիտեն։
Մեկ այլ դեպքում Ռուսաստանի քաղաքացին փորձել է Բելառուսից մեկնել ծանոթից վերցրած անձնագրով։
«Ռուսաստանի քաղաքացին Մինսկ-Ստամբուլ չվերթով մեկնելուց առաջ ներկայացրել է իրեն չպատկանող անձնագիր։ Նա ասել է, որ սահմանը հատելու համար փաստաթուղթը ծանոթից է վերցրել, քանի որ իր անձնագրի գործողության ժամկետն ավարտվել է դեռ 2023 թվականի հուլիսին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ մեկ այլ օտարերկրյա քաղաքացի էլ Տաշքենդից ժամանել է
Մինսկ և սահմանային վերահսկողություն անցնելիս Եմենի քաղաքացու անձնագիր է ներկայացրել: Պարզվել է, որ այն մասամբ կեղծ է. ճանաչման տվյալներով էջը փոխարինված է եղել։
Բոլոր օտարերկրացիների նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել սահմանը խախտելու փորձի համար։ Կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված` ազատության սահմանափակում մինչև երկու տարի ժամկետով։ Ձերբակալվածներին տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան։