Նեթանյահուն հրամայել է հարձակվել հութիների ռազմավարական օբյեկտների վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է այս հարցում իր երկրի սկզբունքային մոտեցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրամայել է հարվածներ հասցնել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտներին:
Համապատասխան հայտարարությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վարչապետն արել է Քնեսեթում ելույթի ժամանակ, որը հեռարձակում էր նրա գրասենյակը:
Նա ընդգծել է, որ այդ հարձակումները վերջինը չեն լինի։
«Վերջին օրերին մենք պաշտպանության նախարարի հետ միասին ՑԱԽԱԼ-ին հրահանգել ենք ճշգրիտ հարվածներով գրոհել հութիների ռազմավարական օբյեկտները։ Մենք զգալի ահաբեկչական ակտիվներ ենք ոչնչացրել, որոնք նրանք օգտագործում էին։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հարձակումն է»,-հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է իր երկրի սկզբունքային մոտեցումը։ «Ով փորձում է վնասել Իսրայելին, պատասխան կստանա անզիջում ուժով»։ Նա հավելել է, որ Իսրայելը շարունակում է ամրապնդել իր զսպող ուժը` հարվածներ հասցնելով թշնամիներին և մեկ առ մեկ ոչնչացնելով «Իրանի ահաբեկչական արբանյակները»»,-ասել է նա:
Դեկտեմբերի 19-ին Իսրայելի բանակը հայտնել էր, որ Եմենի տարածքից երկրի կենտրոնական հատվածի հրթիռակոծություն է արձանագրել, մեկ հրթիռ է որսացել: Դրա հետևանքով ընկած բեկորները լրջորեն վնասել են Թել Ավիվի արևելյան արվարձանի` Ռամաթ Գանի դպրոցի շենքը: Այնուհետև նույն օրը իսրայելցի զինվորականները հայտարարել էին Եմենում «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիների օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու մասին, ներառյալ Սանայի էներգետիկ ենթակառուցվածքը:
Դեկտեմբերի 21-ի առավոտյան իսրայելցի զինվորականները Եմենից մեկ հրթիռի արձակում են գրանցել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ: Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրթիռը չի հաջողվել որսալ, այն ընկել է Թել Ավիվի մոտակայքում։ Իսրայելի շտապ օգնության ազգային ծառայության տվյալներով` միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ: