ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչպես նաև այդ երկրում հաստատված անկայուն և անորոշ իրավիճակը», – ասել է Բաղային:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: