ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Վանաձորում բացվել է Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղ) արտադպրոցական կրթության կենտրոն: Այս մասին հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Բացմանը ներկա էին Հայաստանում Ռուսական տան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Գյումրիում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղ) ղեկավար Անտոն Բերյանևը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ:
«Այս կենտրոնում կարելի է անցկացնել ոչ միայն դասեր, այլև հասարակական նախաձեռնություններ, խաղեր, Վանաձորում 8 տարի գործող մեր կոնտակտային կենտրոնի մրցաշարեր»,- նշել է Ֆեֆիլովը:
Կենտրոնին կից գրադարանում կա ոչ միայն ռուս դասական գրականություն, այլև Ռուսաստանում տարածված ժամանակակից հրատարակություններ:
«Այս կրթական կենտրոնը ծառայում է ոչ միայն որպես լրացուցիչ կրթության հաստատություն, այլև կարևոր օղակ մեր տարածաշրջանում ռուսաց լեզվի առաջխաղացման գործում: Վստահ ենք, որ այն գրավիչ վայր կդառնա գիտելիքի և մշակութային փոխանակման բոլոր սիրահարների համար»,- ասել է Վանաձորի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել նոր կենտրոնի ստեղծման համար, այդ թվում ՝ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը և գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանին: