ԵՐԵՎԱՆ,22 դեկտեմբերի - Sputnik. Գազայում մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել է 54 պաղեստինցի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Դեռ փլատակների տակ մարմիններ կան։ Փրկարարների և բժիշկների խմբերն առայժմ չեն կարողանում հանել նրանց», - ասվում է հայտարարության մեջ ։
Նշվում է նաև, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զոհերի թիվը հասել է 45259-ի, վիրավորվել է 107627 մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։.
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվան հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: