ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է ՍԱՀ-ում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանը նշել է, որ Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն այցելել է Սիրիա, և նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։
«Նախարարը կայցելի Սիրիա և կհանդիպի տեղական իշխանությունների, առաջին հերթին՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ, դրանից հետո, ավելի հարմար ժամանակ, նախագահ Էրդողանը նույնպես կայցելի Սիրիա, նա արդենհայտարարել էայդ ցանկության մասին, բայց մենք ամեն ինչ կանենք աստիճանաբար», - ասել է Քյորօղլուն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: