ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ներն առավոտյան գրոհել են Կազանը. գրանցվել է 8 գրոհ, 6-ը հարվածել են բնակելի տներին։
Կազանի քաղաքապետարանը հայտնում է, որ ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել Սովետսկի, Կիրովի և Պրիվոլժսկի թաղամասերում։
Ուկրաինական ԱԹՍ–ների գրոհի հետևանքները
© Photo : соцсети
Թաթարստանի կառավարության ներկայացուցչի տվյալներով՝ Կազանի «Լազուր երկինք» բնակելի համալիրում անօդաչուի հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը ժամանել է քաղաքի բնակելի հատվածներում բռնկված հրդեհի վայր:
Ռոսավիացիան հայտարարել է, որ Կազանի օդանավակայանը ժամանակավորապես չի գործի։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքներում։ Օդանավակայանը ժամանակավորապես չվերթեր չի ընդունում և չի ուղարկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսավիացիան հավելում է, որ քաղաքացիական օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, դա գլխավոր առաջնահերթությունն է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։