ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ և ամբողջությամբ չեղարկվեն։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նա այդ մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ։
«Եթե վերջանա... (հակամարտությունը. խմբ.), ապա կավարտվեն Եվրոպային տանջող (հակառուսական. խմբ.) պատժամիջոցները։ Հունգարիայի տեսակետը հետևյալն է` պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ և ամբողջությամբ չեղարկվեն», – ասել է Օրբանը։
Նրա խոսքով` եթե դա հաջողվի անել, ապա գնաճը կդադարի, և տնտեսությունը կսկսի շտկվել։
«Մենք այս դիրքորոշումը ներկայացնում ենք եվրոպական քննարկումներում, բայց արդյունք չկա, որովհետև մեզնից բացի ընդամենը մեկ-երկու երկիր է այդպես կարծում, իսկ մյուսները, այդ թվում՝ «մեծ պետությունները», հակառակ կողմում են և այդ գաղափարը դեռևս չեն քննարկում», - նշել է Օրբանը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։